Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

«Ռեալը» վերջապես եռյակի մաս կազմեց

«Ռեալը» վերջապես եռյակի մաս կազմեց
22.01.2019 | 05:15

Այս հանգստյան օրերը եվրոպական ֆուտբոլային բոլոր գերտերություններում ներքին առաջնություններին էին տրամադրված: Անակնկալներ, որպես այդպիսիք, չկային, բայց և այնպես էլ չէր, թե ամեն ինչ հաշտ ու խաղաղ էր, առանց ներքին լարվածությունների: Ոչ: Ամենևին էլ ոչ:

ԱՆԳԼԻԱ
Գերլարված ընթացք է ունեցել պրեմիեր լիգայի առաջատարի մասնակցությամբ մրցավեճը «Քրիստալ Պալասի» հետ: Առաջին խաղակեսը տանուլ տալով 0:1 հաշվով՝ «Լիվերպուլը» երկրորդում Մոհամեդ Սալահի (2), Ֆիրմինիոյի ու Մանեի ջանքերով կարողացել է հեղինակել չորսը՝ վերջնահաշվում տանելով անչափ կարևոր հաղթանակ: Նշենք, որ հյուրերն առանց պայքարի չեն հանձնվել; Նրանք երկու գոլ էլ հեղինակել են երկրորդ խաղակեսում, սակայն դա բավարար չի եղել հաջողությունը սեփական կողմը բեկելու համար: 60 միավորով «Լիվերպուլը» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու ամենայն լրջությամբ է միտված առ չեմպիոնական մեդալները:
Մինչ մնացած առաջատարների հանդիպումներին անդրադառնալը ասենք, որ անգլիականի այս տուրում 4:3 ոչ ստանդարտ հաշիվը կրկնվել է նաև «Վուլվերհեմպտոն»-«Լեստեր» դիմակայությունում, ու խաղը նույնպես ավարտվել է տանտերերի հաղթանակով:
«Լիվերպուլի» օրինակով հաղթանակի ռեժիմում են գործել «Մանչեստր Սիթին» ու «Տոտենհեմը»: Խոսեպ Գվարդիոլայի սաներն արտագնայում երեք անպատասխան գնդակի առավելությամբ հաղթահարել են «Հադերսֆիլդի» արգելքը, երկրորդը ծանր հանդիպում է անցկացրել «Ֆուլհեմի» հետ, հանդիպումը շահել ի հաշիվ կամային որակների: Ընդ որում հաղթական գոլը «Տոտենհեմը» խփել է հավելյալ ժամանակում՝ 2:1: «Մանչեստր Սիթին» ունի 56, «Տոտենհեմը»՝ 51 միավոր:


Ինչպես և սպասվում էր, թեժ ընթացք է ունեցել լոնդոնյան «Արսենալ»-«Չելսի» դիմակայությունը, որտեղ զինագործները հնարավոր ամեն ինչ պիտի անեին մրցաշարային աղյուսակում առաջ պոկված մրցակցին էլ ավելի առաջ անցնելու հնարավորություն չտալու համար: «Արսենալը» կարողացել է լուծել առաջադրված խնդիրը՝ հյուրերի նկատմամբ առավելությունը հաստատելով երկու անպատասխան գոլով: Տանտերերի այս հաղթանակը եղել է նաև հօգուտ 48 միավորով երրորդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմի», որի շնչին էր նստած «Չելսին», որի անվան դիմաց այդպես էլ անփոփոխ մնաց 47 թիվը:

ԻՍՊԱՆԻԱ
Իր համար անչափ սկզբունքային մրցավեճում Մադրիդի «Ռեալը» կարողացել է սեփական հարկի տակ երեք միավոր կորզել անդալուզական «Սևիլիայից», որի հետ մինչ այս հանդիպումը 33 միավորով կիսում էր լա լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ-երրորդ հորիզոնականները: Տևական ընդմիջումից հետո «սերուցքայինները» վերջապես տեղ գտան առաջին եռյակում:
Առաջատարը, արդեն 46 միավորով, շարունակում է մնալ «Բարսելոնը», որը հյուրընկալել էր «Լեգանեսին»՝ այն թիմին, որը մրցաշրջանի առաջին կեսում հաղթանակի տեսքով խստագույնս վիրավորել էր կապտանռնագույնների ինքնասիրությունը: «Բարսելոնը» հաղթել է 3:1 հաշվով, ֆանտաստիկ գեղեցկությամբ կոմբինացիայի արդյունքում Մեսին խփել է ընթացիկ մրցաշրջանի իր 18-րդ գոլը:
Ինչ վերաբերում է Մադրիդի «Աթլետիկոյին», այն արտագնայում 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել «ՈՒեսկայի» նկատմամբ ու միավորների թիվը հասցրել 41-ի, ինչը մրցաշային աղյուսակում երկրորդ տեղի վստահ երաշխիք է հանդիսացել:

ՖՐԱՆՍԻԱ
Ոչ ֆուտբոլային հաշվով է ավարտվել ֆրանսիական դիվիզիոնի 21-րդ տուրի «Պարի Սեն Ժերմեն»-«Գենգամ» դիմակայությունը, որտեղ ֆրանսիական գերակումբը ներկայացնող հարձակման Մբապե-Կավանի-Նեյմար եռյակը խփել է ինը գոլ ու դրանով իսկ ֆիքսել այս հանդիպման վերջնական արդյունքը: Քսանամյա Մբապեն դարձել է պոկերի, Կավանին՝ հեթ տրիկի, Նեյմարը՝ դուբլի հեղինակ: Հիշեցնենք, որ ակտիվում ունենալով պակաս անցկացրած երկու խաղ, այդուհանդերձ, «Պարի Սեն Ժերմենը» 40 միավոր ունեցող ու երկրորդ հորիզոնականում գտնվող «Լիլից» ավելի է վաստակել 13 միավոր, ունի խփած-բաց թողած գնդակների ապշեցուցիչ հարաբերակցություն՝ 62-ն ընդդեմ 10-ի:
Մրցաշարային աղյուսակում տեղաշարժեր կարող էր առաջացնել «Սենտ Էտիեն»-«Լիոն» դիմակայությունը: Նշենք, որ այս զույգը կազմած թիմերն ունեցած համապատասխանաբար 36 ու 34 միավորներով երրորդ-չորրորդ հորիզոնականում էին: Հաղթանակի դեպքում առաջինն ընդհուպ կմոտենար «Լիլին», իսկ երկրորդն օրվա մրցակցին կպարտադրեր պարզապես տեղափոխություն: Նշենք, որ այդ մրցակցությունն ավարտվել է երեկ ուշ երեկոյան:

ԳԵՐՄԱՆԻԱ
«Բավարիայի» օրինակով (արտագնայում 3:1 հաշվով հաղթել է «Հոֆենհայմին») բունդեսլիգայի առաջնության 18-րդ տուրը հաղթական է եղել նաև Դորտմունդի «Բորուսիայի» համար, որն արտագնայում նվազագույն հաշվով պարտության է մատնել երկրի անցած տարվա փոխչեմպիոն «Լայպցիգին» ու 39 միավորով աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող մյունխենցիների նկատմամբ պահպանել վեց միավորով պոկվածությունը: Ի դեպ, հաղթական է եղել նաև Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» մրցելույթը: Այն հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության է հասել «Բայերի» նկատմամբ ու 36 միավորով երրորդ տեղում է:

ԻՏԱԼԻԱ
Աղյուսակի հետնապահ «Կիևոյի» հետ մրցակցությունում «Յուվենտուսը» հասկանալի պատճառներով պիտի որ չունենար հարցեր, եթե, իհարկե, ինքն իր գլխին չէր պատրաստվում պրոբլեմ ստեղծելու: Ասածիս մեջ պայմանական ժամանակի առկայությունը պայմանավորված է նրանով, որ այդ հանդիպումն ավարտվել է երեկ ուշ երեկոյան ու բնականաբար մրցակցության ելքի մասին ոչինչ չենք կարող ասել, թեպետ անգամ վատագույնի դեպքում ունեցած 53 միավորով «ծեր սինյորան» շարունակելու է գլխավորել սկուդետեն:
Հետաքրքրական է, որ Իտալիայի առաջնությունում առաջին եռյակը կազմածներն այնպիսի հերթականությամբ են իրար հաջորդում, որ լրիվ անկախ էին տուրի արդյունքներից, ցանկացած ելքի դեպքում ամեն մեկը մնալու էր իր տեղում, և խնդիրն ավելի շատ լոկալ բնույթի հարցերի լուծմանն էր վերաբերում: Ավանդույթի համաձայն, «Ինտերը» սեփական հարկի տակ ծանր խաղ է ունեցել «Սասուոլոյի» հետ ու բավարարվել մեկ միավոր վաստակելով: Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով՝ տանտերերի ունեցած միավորները հասցնելով 40-ի: Ինչ վերաբերում է երկրորդ հորիզոնականով ընթացող «Նապոլիին», մրցակիցն անհամեմատ ահեղ է եղել, բայց դա տանտերերին չի խանգարել, որ հաղթանակ տոնի «Լացիոյի» նկատմամբ: Նեապոլցիներն ունեն 47 միավոր ու վեց նիշով են հետ թուրինցիներից, եթե հաշվի չենք առնում «Յուվենտուսի» պակաս անցկացրած մեկ խաղը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ